Սանկցիաներով պայմանավորված «Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Միր» քարտերը մարտի 30-ից կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում:
Այս մասին գրում է РБК-ն՝ հղում անելով «ՎՏԲ Հայաստան»-ի ներկայացուցչին և ռուսական վճարային շուկայի իր աղբյուրին:
«Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը 2024 թվականի մարտի 30-ից կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS-տերմինալներում, բացառություն կկազմի «ՎՏԲ Հայաստան» բանկի ենթակառուցվածքը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախորդ տարվա սեպտեմբերին հայտնել էր, որ ռուսական «Միր» քարտեր սպասարկող ֆինանսական կառույցները կարող են ենթարկվել ամերիկյան պատժամիջոցների։
Նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում էր, որ ռուսական «Միր» քարտային համակարգի միջոցով կարող են գործարքներ իրականացնել պատժամիջոցների տակ հայտնված անձինք կամ հաստատություններ, հետևաբար, բոլոր այն օտարերկրյա ֆինանսական հաստատությունները, որոնք նոր պայմանագրեր կկնքեն կամ կընդլայնեն իրենց համագործակցությունը համակարգի հետ, ռիսկի են դիմում՝ աջակցելու Ռուսաստանին ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու գործում, և այպիսով, իրենք էլ կարող են ենթարկվել պատժամիջոցների։