Հայ լողորդները հանրապետական նոր ռեկորդներ են սահմանել ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում
ՍՊՈՐՏԿատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվել է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է եղել լողի և ջրացատկի մրցումներում:
Լողի աշխարհի առաջնությանը 190 երկրի 2600 լողորդ է մասնակցել: Մեր երկիրը ներկայացրել են Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանն ու Աշոտ Չախոյանը։
4×100մ ազատ ոճի խառը փոխանցալողում Հայաստանի քառյակը ցույց է տվել 3.44.29 արդյունք և գրավել է 13֊րդ տեղը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Արման Վահանյանի գնահատմամբ՝ սա բավականին լավ արդյունք է:
Մեր լողորդները մասնակցել են նաև 4×100մ խառը համալիր փոխանցալողում. 4.08.59 արդյունքով նրանք գրավել են 25֊րդ տեղը և սահմանել են հանրապետության նոր ռեկորդ:
Հայ լողորդները հանդես են եկել նաև անհատական պայքարում: Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը Դոհայում անցկացված աշխարհի առաջնության 100մ դելֆին լողատարածությունը հաղթահարել է 0.54.22 վայրկյանում և Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել: 70 լողորդների շրջանում նա գրավել է 36-րդ տեղը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանը 100մ դելֆին լողատարածությունը հաղթահարել է 1.02.69 արդյունքով և որակավորման փուլում 31֊րդն էր` չկարողանալով դուրս գալ կիսաեզրափակիչ։ Հայ մարզուհին հանդես է եկել նաև 50մ ազատ լողաոճում և ցույց տալով 0.27.58 արդյունք՝ 115 մասնակիցների շրջանում զբաղեցրել է 60֊րդ տեղը։
Լողորդ Աշոտ Չախոյանը 100մ բրաս լողաոճի որակավորման փուլում 1.04.92 արդյունքով բավարարվել է 58֊րդ տեղով, իսկ 50մ բրաս լողաոճում 0.29.38 արդյունքում գրավել է 44֊րդ տեղը: Անի Պողոսյանն էլ 200մ ազատ ոճում 2.10.55 արդյունքով 41֊րդն էր։
Հայաստանի լողի հավաքականի գլխավոր մարզիչ Արման Վահանյանի խոսքով՝ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում, ամենայն հավանականությամբ, երկու ներկայացուցիչ կունենանք՝ 1 տղա և 1 աղջիկ: Լողորդները հունիսի վերջին Բելգրադում կմասնակցեն ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը, որը ևս վարկանիշային կլինի Փարիզ-2024-ի համար:
Աղբյուր ArmSport.am